Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Իրանի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Իրանի ԱԳ նախարարին
28.01.2015 | 14:27

Հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Իրանի փոխշահավետ ու բազմաբովանդակ հարաբերությունները: Յուրաքանչյուր նման հանդիպում նպաստում է փոխգործակցության առավել զարգացմանը և ամրապնդմանը»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իրանի ԱԳ նախարար Զարիֆը նշեց, որ Իրանը մեծ կարևորություն է տալիս ամենատարբեր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը: Իրանի արտգործնախարարը կարևորեց իրանահայ համայնքի դերակատարումը զարգացման և հայ-իրանական փոխգործակցության խորացման համար։
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ վերահաստատելով երկուստեք պատրաստակամությունը՝ զարգացնելու մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը: Նախարարները համակարծիք էին, որ հայ-իրանական հարաբերությունները քրիստոնյա և մահմեդական երկրների համագործակցության տեսանկյունից օրինակելի կարելի է համարել։
Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկեցին երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հարցերը։ Այս համատեքստում անդրադարձ արվեց համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային հրատապ խնդիրներ: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը մշտապես կողմ է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը։ Նա գոհունակություն հայտնեց՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացում դրական միտումների վերաբերյալ, և հույս հայտնեց, որ խնդրի շուրջ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները ճանապարհ կհարթեն հարցի համապարփակ կարգավորման համար: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը և նշեց, որ Հայաստանը գնահատում է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ երկու արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիս, որի ժամանակ ՀՀ արտգործնախարարն ասաց.
«Ես ուրախ եմ ողջունելու իմ գործընկերոջը՝ Իրանի արտաքին գործերի նախարար պարոն Զարիֆին Հայաստանում: Մենք լավ հնարավորություն ունեցանք այսօր շարունակելու մեր երկխոսությունը, քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նաև մտքեր փոխանակեցինք մի շարք տարածաշրջանային խնդիրների, միջազգային խնդիրների շուրջ։
Մենք կարևորում ենք այն ջանքերը, որոնք ուղղված են երկու երկրների կողմից մեր հարաբերությունների, մեր համագործակցության ամրապնդմանը, խորացմանը, զարգացմանը: Մենք գոհունակությամբ նշեցինք, որ վերջերս Թեհրանում կայացած միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ տարբեր համատեղ տնտեսական ծրագրերի վերաբերյալ: Հուսով ենք, որ երկու երկրների նախանշած ծրագրերը շուտով կյանքի կկոչվեն: Մենք կարևորում ենք միջխորհրդարանական կապերը, փոխայցելությունները, համագործակցությունը ապակենտրոնացված ձևաչափով՝ Հայաստանի և Իրանի տարբեր շրջանների, մարզերի միջև, փոխգործակցությունը՝ մշակույթի, կրթության և այլ բնագավառներում:
Մենք անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հայաստանը գնահատում է այն հավասարակշիռ մոտեցումը, որն Իրանը միշտ արտահայտել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Ես ներկայացրի Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Մենք անդրադարձանք նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: Իմ գործընկերը տեղեկացրեց վերջին զարգացումների մասին: Դրական միտումները, որ վերջերս նկատվում են այդ բանակցային գործընթացում, հույս են ներշնչում, որ շատ շուտով այդ բանակցությունները կտան համապատասխան արդյունքներ, որոնք գոհացուցիչ կլինեն բոլոր կողմերի համար, ինչը բխում է ոչ միայն Իրանի, ոչ միայն տարածաշրջանի երկրների, ներառյալ նաև՝ Հայաստանի, այլև միջազգային հանրության շահերից»:

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ